Մուրացանը (իսկական անունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) 19-րդ դարի նշանավոր հայ գրող է, ծնվել է 1854 թ. Ղարաբաղի Շուշի քաղաքում: Նրա ստեղծագործությունների շարքում յուրահատուկ տեղ են գրավում պատմական թեմաներով գրված գործերը:
Իբրև իր ժողովրդին ջերմորեն սիրող հեղինակ՝ նա ամեն մի գործ ստեղծելու ժամանակ աչքի առաջ ունեցել է հայ ժողովուրդը, նրա անցյալը, նրա պատմությունը, նրա տխուր ներկան: Անդրեաս երեց պատմական վիպակը գրվել է 1895 թվականի հայկական ջարդերի առիթով։ Վիպակում պատկերված է պարսկական տիրապետության դժոխքը 17-րդ դարի առաջին քսանամյակում: 1617 թվականին Երևանից վերադառնալիս Շահ-Աբբասը ձեռնարկում է մի այցելություն դեպի Ագուլիս և այդ այցելության, դրա հետ կապված դեպքերի նկարագրությանն էլ նվիրված է երկը։ Վիպակի բուն գործողությունն սկսվում է մանկաժողով անելու նպատակով: Մանկաժողովը, ասում է Մուրացանը, մի գարշելի հարկի տեսակն էր պարսիկ տիրապետներից սահմանված։ Նրանք իրենց հպատակներից դրամով և թանկագին իրերով հարկ ժողովելուց զատ խլում էին նրանցից և գեղեցիկ աղջիկներ ու մանկահասակ սիրունատես տղաներին և ուղարկում իրանց հարեմները: